Realty Consult

underline

Լուրեր

Ազգային Մեծ Օպերային Թատրոն, Պեկին, Չինաստան

Ազգային Մեծ Օպերային Թատրոն, Պեկին, Չինաստան Կատարողական Արվեստի Ազգային Կենտրոնը կամ Ազգային Մեծ Օպերային Թատրոնը գտնվում է Պեկինի հենց սրտում՝ Թյանանմեն հրապարակի և Ազգային Ժողովի պալատի հարևանությամբ: Այս կախարդական նախագծի հեղինակն է ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Պոլ Անդրյոն: Հսկայական նախագիծի շինարարությունը մեկնարկեց 2001-ին և ավարտին հասցվեց 2007-ի դեկտեմբերին:
Այն իրենից ներկայացնում է էլիպսաձև գմբեթ՝ պատած ապակիով և տիտանե թիթեղներով և տեղակայված է արհեստական լճի կենտրոնում: Գմբեթի ընդհանուր մակերեսը 49 500 քռ.մ է, իսկ չափսերն են 212մ x 144մ x 46 մ (բարձրությունը): Շենքը կարծես թե ջրի վրա լողացող ձու լինի: Պոլ Անդրյոն գնահատելով ավանդական չինական ճարտարապետությունը, նախագծում լայնորեն կիրառել է արդի ճարտարապետության ֆուտուրիստական դիզայնի տարրեր: Հիմնական մուտքը գտնվում է հյուսիսային կողմում:
Ազգային Մեծ Թատրոնը բաղկացած է երեք հիմնական սրահներից՝ 2416 նստատեղով օպերային դահլիճից, 2017 նստատեղով համերգային դահլիճից և թատրոնից՝ 1014 նստատեղով: Պեկինի Ազգային թատրոնի բոլոր սրահներն ու տարածքները բաց են լայն հանրության առաջ և փոքր քաղաքի տպավորություն են ստեղծում: Այն ունի ամեն ինչ՝ փողոցներ, հրապարակներ, առևտրի կենտրոններ, ռեստորաններ, հանգստյան գոտիներ և սպասասրահներ:
Օպերային թատրոնը գտնվում է կառույցի կենտրոնում. սա նախագծի ամենակարևոր և խորհրդավոր մասն է հանդիսանում: Համերգային դահլիճն ու թատրոնը գտնվում են կառույցի երկու բևեռներում: Շինարարության արժեքը հասավ նախատեսված 2,6-ից մինչև 3.2 միլիարդ յուանի (500 մլն ԱՄՆ դոլլարի):


Աղբյուրը` www.construction.am